Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Պատից կախված յուրաքանչյուր հրացան մի օր կրակում է»

«Պատից կախված յուրաքանչյուր հրացան մի օր կրակում է»
14.04.2009 | 00:00

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ
Սերժ Սարգսյանի ասուլիսը եկավ ասելու, որ նա իսկապես հակասական տիպաբանություն է, ու հենց այն դեպքն է, որի մասին ասվում է՝ «մոտենալով հեռանում է»:
ՆԱԽ՝ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Ասուլիսը թերևս եզակի էր այն առումով, որ այնտեղ չհնչեցին նույնիսկ կիսաակնարկներ ու կիսատոներ իրական գործընթացների մասին. երկուսուկես ժամ տևած «լիսն ու ասը» մտքերի փակ, ինկուբացիոն մի շրջանակ էր, և որևէ բրիչով հնարավոր չէր քանդել-պեղել, թե ինչ կար դրանց տակ: Սերժ Սարգսյանը մեկշերտանի մտքե՞ր էր հայտնում, որոնց «ներքո» առանձնապես բան չկար: Դժվար:
Խաղը, որի կենտրոնում հայտնվել է նա, տարածաշրջանային, գլոբալ և ներքին առումով ահավոր բարդ է, և ընտրվել էր մակերեսային դաշտում ասուլիսի նյարդը «կառուցելու» մարտավարությունը:
Ոչ միայն: Այդպես նաև հոգեհարազատ է։ Սերժ Սարգսյանի բնական վիճակը շատ ավելի «գորշ կարդինալային» է, տարիներ շարունակ (գուցե նաև օբյեկտիվորեն՝ աշխատանքի բերումով) նրա մեջ ձևավորվել է ոչ հրապարակային-լուռ գործիչը, որը մասնակի «արձակվեց» էքստրեմալ ժամանակահատվածում՝ նախընտրական քարոզարշավին: ՈՒ՝ պըրծ:
Հաջորդ պատճառը. Սարգսյանը միայնակ խաղացող է: Եվ դա նրա թուլությունն ու ուժեղությունն է միաժամանակ: ՈՒ թերևս սա է պատճառը, որ լինի մարզերում՝ գյուղացիների, ԱԺ-ի այգում՝ երեխաների, նախագահականում՝ հարյուրի հասնող լրագրողների մեջ, նա միայնակ է:
Երկուսուկես ժամ տևած ասուլիսի ժամանակ նա այդպես էլ անմիջական հաղորդակցության-շփման մեջ չմտավ լրագրողական համքարության հետ: Ինչպես միշտ, մնաց հեռվում՝ «անմատչելի», չտաքացավ, չբացեց իր ներքին շերտերը, «չցուցանեց» իր ներքին մարդուն: Ոչ մի անգամ հումոր չարեց (տեսնես ո՜նց է հաջողում երկուսուկես ժամ խոսել ու հումոր չանել):
Չէ, մի բան եղավ. ներքին մարդը մի պահ ծիկրակեց, երբ նա խոսում էր Տեր-Պետրոսյանի մասին: Ավելի ստույգ, երբ անդրադառնում էր վերջինիս հնչեցրած՝ հեղափոխությունն ու ապստամբությունը բացառելու մտքին։ «Ափսոս, որ այդ միտքը չհնչեց 2008-ի փետրվարին». Սերժ Սարգսյանը բառերն արտաբերեց անչափ մեծ ցավով:
ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ
Ասուլիսը կայացավ այլ դահլիճում: Նախագահ Սարգսյանը երկուսուկես ժամ, ժամապահի պես ոտքի վրա կանգնած, պատասխանեց վաթսուն հարցի: Ասուլիսատերերը հոգացել էին, որ այս անգամ քանակական ցուցանիշներն ավելի բարձր լինեն (նախորդ ասուլիսը տևել էր ժամուկես, հնչել էին ավելի քիչ հարցեր):
Մի լավ բան ասուլիսում, բոլոր դեպքերում, կար. նախորդ անգամվա՝ «երկնքից» գլխներիս իջած բլոգերները չկային՝ իրենց «ինքնատիպ» հարցերով: Կային մարզային լրատվամիջոցները, ինչն իսկապես դրական է:
ՉԿԱՅԻՆ: Ինչպես միշտ, ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչները: Նույնիսկ մեկ տարի անց նախագահականի քարոզչային «մետրերը» չեն կարողանում հաղթահարել այդ լրատվամիջոցների նկատմամբ ունեցած «լիշնի նեպրիյազնը» և ապացուցել, որ իրենք և «իրենցինները» այլևս կայացել են, ուժեղ են, քանդել են «հայտնի» պատը և մի քանի լրագրող չեն կարող «շարժել» այդ կայացումը: Ի դեպ, Սերժ Սարգսյանը հարցնում էր մեզ և հանրությանը` ի՞նչ քայլեր պետք է անի, որ վերանան մարտի մեկից հետո հասարակության մեջ առկա լարվածությունն ու պատը. «Ոչ բոլոր ձևերին եմ ես տիրապետում», ասաց:
Դե, որ հարցնում է, մենք էլ պատասխանում ենք. որպես առաջին քայլ Ձեր ասուլիսներին, միջոցառումներին հրավիրեք բոլոր լրատվամիջոցներին՝ հավասար, «անպատ» դաշտ ապահովելով երկրիս բոլոր քաղաքացիների համար:
Ի դեպ, Սերժ Սարգսյանն այս անգամ խոսում էր բացառապես առանց թղթի, նույնիսկ ամենանուրբ՝ ՆԱՏՕ, ԱՄՆ, Իրան… հարցերին պատասխանում բանավոր: Նաև՝ անկաշկանդ:
ՄԵՍԻՋՆԵՐԸ
Դրանք առավել ներառում էին ներքին «փոխկապակցությունները» (արտաքին և ընդդիմությանն առնչվող մեսիջների մասին՝ մեկ այլ առիթով):
ա) Պարզ, հնարավորինս հանրամատչելի «լեզվով» բոլորին հերթական անգամ Սարգսյանը «բացատրեց»` վարչապետը վայելում է իր վստահությունը, և կադրային այդ ընտրությունը ճիշտ էր. «Պետք է ողջունել վարչապետի թափանցիկ գործունեությունը, հաստատակամությունը, վստահությունը վաղվա օրվա նկատմամբ»:
Ակնառու էր՝ ստեղծված տնտեսական վիճակի պատասխանատվությունը Սերժ Սարգսյանը հավասարապես կիսում էր Տիգրան Սարգսյանի հետ:
Գիտենք` նախագահ-վարչապետ այս տանդեմը շատերի զարմանքն ու «լիշնի նեպրիյազն»-ն է առաջացնում: Պատճառն ամենևին էլ Տիգրան Սարգսյանի անկուսակցական-միայնակի (պահո՜, երկիր չէ, միայնակների ակումբ է) կարգավիճակը կամ միջազգային կառույցների կողմից ինչ-որ չափով ընդունված լինելը չէ: Պատճառն առավել խորքային-ենթագիտակցական է (մեր նյութի շրջանակներում չէ այդ բարդ թեմային անդրադառնալը), պարզապես արձանագրենք, որ նրանք՝ նախագահ Սարգսյանն ու վարչապետ Սարգսյանը, բավականին «հետաքրքիր» (ականջդ կանչի, Քոչարյան) սիամների են վերածվում, և այդ «փոխլրացումը» փոքր-ինչ ինքնատիպ է այն առումով, որ «նոր» խոսք է սիամական մեր պատմության էջերին։ Եվ անկախ նրանից, ընդունում ենք, թե չենք ընդունում վարչապետին և նրա «դասախոսական» ձիրքը, նա ուրույն բուֆեր է Սերժ Սարգսյանի համար՝ մի շարք առումներով: Այո՛, նախ Ռոբերտ Քոչարյանին համակարգից «օտարելու», և ապա՝ դրսի աշխարհի, հետո էլի ներսի «աշխարհի», հիմնականում՝ հայաստանյան մտավոր-հոգևոր շերտերի առումով: Նոր սիամական երկվորյակների տանդեմով «ասվում» է, որ կրիմինալ-քրեաօլիգարխիկ համակարգը վերջնական հաղթանակ չի տարել մեզանում, և որքան էլ Տիգրան Սարգսյանը «չմարսելի» լինի, նա հորիզոնականությունից ուղղահայացի անցման «կամրջակ» է Սերժ Սարգսյանի համար, ում մոտ (ժամանակներ առաջ նշել էինք) հորիզոնականությունը գերիշխում է, և փակ, դեռևս չարտահայտված ուղղահայաց կապը սպասում է իր արտահայտման «ժամին»:
Այսքանով «տնտեսական ճգնաժամի» և նախագահ-վարչապետ թեման համարենք ավարտված:
բ) Սերժ Սարգսյանի այս ասուլիսն առանձնացավ նախորդից նաև նրանով, որ «լիս ու ասում» բացարձակապես չհնչեցին կոալիցիայի մասին բարձրաձայնումներ: Հասկանալի է, մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանն այլ խնդիր էր լուծում, սակայն, բոլոր դեպքերում, այդ «լռությունը» ոչ միայն անտարբերության, այլև օբյեկտիվ ռեալության արձանագրում էր, որն ասուլիսատերերը փորձել էին «արտահայտել» հետևյալ հարց ու պատասխանի միջոցով: Հարց` եթե քաղաքապետի առաջիկա ընտրություններում այնպես ստացվի, որ խորհրդարանական ուժերը չստանան համապատասխան ձայներ, հնարավո՞ր են նոր պառլամենտական ընտրություններ:
Պատասխան՝ ո՛չ: ՈՒրեմն, հարգարժան կոալիցիոն կերակրատաշտիստները պետք է բավարարվեն իրենց ունեցած խորհրդարանական տաշտերով, և սա առավելագույնն է նրանց համար, իսկ թե քաղաքապետական ընտրություններում ինչպես «կլինի», «կորոշեն» այլք։ «Բոլորը պետք է պատրաստ լինեն ցանկացած արդյունքների», ասվեց:
Ի դեպ, ըստ որոշ «չար լեզուների»՝ հարգարժան կերակրասերներ ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը չեն հաղթահարի յոթ տոկոսանոց շեմը, իսկ ԲՀԿ-ին բրդբրդելով մի կերպ կհասցնեն «ֆինիշի»:
Ընդ որում, շատ նուրբ փաթեթավորմամբ Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև ԲՀԿ-ին: Եթե առավել ստույգ, ապա խնդիրն առնչվում էր «հարկային արձակուրդին»: Գիտենք, որ այս մտքի խորհրդարանական «հեղինակը» ԲՀԿ-ն է, որը դեկտեմբերին դեմ քվեարկեց կառավարության ներկայացրած հարկային փաթեթին՝ միջին և փոքր բիզնեսին առնչվող:
Սերժ Սարգսյանը հարկ համարեց երկու անգամ կրկնել՝ վատ լսող-պարողների համար՝ «վատ է վերաբերվում», «լավ չի վերաբերվում» այդ մոտեցումներին. «Այդպիսի տեսակետներ հնչեցնողները մի քիչ ծռում են իրենց միտքը, ասում են՝ եկեք հարկ չվճարենք։ Բա եթե չվճարենք, ինչպե՞ս ենք ապրելու»:
Դո՛ւ ասացիր:
Եվ սա դեռ բոլորը չէ: Ընդհանուր առմամբ զարմացնել չսիրող, էվոլյուցիան որպես ուղիղ ճանապարհ նախընտրած Սերժ Ազատիչն ասուլիսի ընթացքում անչափ կտրուկ արտահայտվեց «պատից կախված իմ ջութակի»... ներեցեք` շփոթեցինք` հրացանի առնչությամբ, և գրեթե բրեխտյան «սառնասրտությամբ» արտաբերեց Չեխովի հայտնի միտքը. «Պատից (Աստված իմ, դարձյալ՝ պա՜տ- հեղ.) կախված յուրաքանչյուր հրացան մի օր կրակում է»:
Այսպիսով, անչափ հատու ու խիստ հասկացնել տվեց կոալիցիայի (մանավանդ՝ ՀՀԿ-ական կտրվածքով) հարազատ անդամներին, որ կրակողների «հայրերն ու որդիները» հե՜չ, իսկի՜ իր սրտով չեն. «Որոշ մարդիկ լավ չեն պատկերացնում իրենց զավակների, հարազատների դերակատարությունը հասարակությունում: Ես ուզում եմ, որ բոլորի համար հասկանալի լինի, որ եթե պարզվի՝ պաշտոնյաների զավակները ներգրավված են նման հանցագործությունների մեջ, մենք շատ կտրուկ միջոցներ ենք ձեռնարկելու»:
Էլի՛ դու ասացիր:
Հարցնում եք՝ ո՞ւմ նկատի ունի Սերժ Ազատիչը: Օ՜, «փշոտ» է այդ պաշտոնյաների անունները տալը՝ «մեզ շատ փորձանք կսպասի»: Բայց, բոլոր դեպքերում, թերթեք ասուլիսի չեկած լրատվամիջոցների էջերն ու կայքերը, այնտեղ նախագահին և կառավարման համակարգին անչափ մոտ կանգնած շատ նվիրյալ անուններ կգտնեք:
Մենք անցնում ենք ուղերձներից ամենակարևորին:
գ) Եվ ուրեմն, Սերժ Ազատիչը շատ նուրբ, գրեթե մեկշերտանի կոդավորմամբ, խիստ անտեսանելի մեսիջավորեց նաև ՀՀ երկրորդ նախագահին, ասելով. «Այժմ խիստ տեղին է հիշել, որ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համարյա ամեն օր էր զբաղվում աղետի գոտու խնդիրներով, և անցած տասը տարիների ընթացքում հսկայական առաջընթաց է գրանցվել այդ առումով, սակայն, ցավոք սրտի, հնարավոր չեղավ իսպառ վերացնել աղետի գոտու խնդիրները, կառավարությունը 2007-ին ուսումնասիրեց գործընթացը, և պարզվեց, որ մոտ վեց հազար ընտանիք աղետի գոտում անտուն է: Կառավարությունը նախատեսել է միայն Գյումրիում այս տարի կառուցել հազար բնակարան, և անպայման կառուցելու ենք»:
Դարձյա՛լ դու ասացիր:
«Ասացվածքը» հեռահար և հիմնավոր էր նախ` այն պատճառով, որ աղետի գոտին Քոչարյանի օրոք պետք է վերանար 2000-ին, հետո 2002-ին… իսկ այսօր` արդեն քսան տարի անց, այնտեղ 6 (վե՜ց) հազար ընտանիք անօթևան է: Եզրակացությունը թողնում ենք ընթերցողին:
Երրորդ նախագահի «ասացվածքը», սակայն, այսքանով չավարտվեց, փայ-բաժին հասավ քոչարյանամերձներին ևս՝ «երրորդ ուժի» տեսքով: Հարց հնչեց` ինչպես է վերաբերվում Սերժ Սարգսյանը երրորդ ուժ ձևավորելու գաղափարին:
Առ «սիվիլիտասամերձներին», պարոն վագրաթռիչ Օսկանյանին (որն ամեն օր պատրաստվում է ակտիվ քաղաքականություն մտնել, բայց այդ թռիչքը չգիտես` ով, չգիտես՝ ինչպես, ամեն օր կասեցնում է, նույն կերպ կասեցվում են նաև «կոմանդույուշչիի»՝ Սամվել Բաբայանի թռիչքները ՀՌԱԿ «բնի» վրայով), մի խոսքով, երրորդ «ավելորդներին» նախագահական բարձր ամբիոնից խիստ հստակ ասվեց՝ պահել պոզան հենց օդում. «Ես լավ չեմ հասկանում՝ ի՞նչ ասել է երրորդ ուժ. այսինքն՝ ոչ իշխանություն է, ոչ ընդդիմությո՞ւն, իշխանության մաս է կազմում, բայց իշխանություն չէ՞ (էստեղ թող մի քիչ էլ ՀՅԴ-ն ականջները սրի- հեղ.), ընդդիմություն է ու իշխանության չի՞ ձգտում»` հարցրեց երկրի մեկտարյա ղեկավարը լրագրողներիս:
Դե, որ հարցնում է, պարտավոր ենք պատասխանել. էն էլ ո՜նց են ձգտո՜ւմ:
Համա «սամթը» չեն գտնում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3818

Մեկնաբանություններ